Տարեցտարի ամրապնդվեցին կենտրոնի կապերը Վ.Յա.Բրյուսովի Մոսկովյան տուն-թանգարանի, Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետհամալսարանի, համաշխարհային գրականության ինստիտուտի, Պուշկինյան տան, Ստավրոպոլի պետական մանկավարժական ինստիտուտի /այժմ՝ Ստավրոպոլի պետհամալսարան / և արտասահմանյան բրյուսովագետների հետ, որոնց թվում են Իրժի Գոնզիկը, Լյուդմիլա Մոտալովան / Պրահա /, լեհ բրյուսովագետ Կազիմիր Յավորսկին, պոետ-թարգմանիչ Վլոդիմեժ Սլոբոդնիկը, Սոֆիայի համալսարանի պրոֆեսորներ Սիմեոն Ռուսակին և Իրինա Զախարիևան, բուլղարացի պոետ-թարգմանիչ Իորդան Կովաչյովը, հարավսլավացի բրյուսովագետներ Միլե Կլոպչիչը և Գուստավ Կրկլեցը: Մեծ տարածում ստացավ Բրյուսովյան ընթերցումների «աշխարհագրությունը»:
Այդ գիտաժողովների նյութերը հիմք հանդիսացան «Բրյուսովյան ընթերցումներ» /1962, 1963, 1966, 1971, 1973, 1980, 1983, 1986, 1996, 2002, 2006 թթ./ ժողովածուների հրատարակմանը, որտեղ ներկայացված են մասնակից գիտնական-բրյուսովագետների ելույթները Մոսկվայից, Լենինգրադից, Ստավրոպոլից, Խարկովից, Թբիլիսիից, Օդեսայից, Տալլինից, Ռիգայից, Քիշինյովից, Տաշքենտից, Բուլղարիայից, Չեխոսլովակիայից, Լեհաստանից և ուրիշ քաղաքներից ու երկրներից: «Բրյուսովյան ընթերցումներ»-ի հրապարակումները նշանակալի ներդրում ունեն գրականագիտության մեջ և այսօր արդեն մատենագիտական արժեքներ են:
Երկար տարիների աշխատանքի արդյունք է հանդիսանում «Վալերի Բրյուսովի մատենագիտությունը. 1884-1973 թթ.», կազմող՝ Է.Ս.Դանիելյան, խմբագիր՝ Կ.Դ.Մուրատովա / Երևան, 1976/:
Կենտրոնի հետ հիմա էլ են կապերը պահպանում Բրյուսովի ստեղծագործությունն ուսումնասիրողներն ու գրականագետները տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Չեխիայից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից, Բելգիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, վարվում է նամակագրություն, տեղեկատվության մշակում:
2002 թ. հոկտեմբերին ԵրՊԼՀ-ում տեղի ունեցան Բրյուսովյան XII-րդ հոբելյանական ընթերցումները: Այդ միջազգային գիտաժողովը նվիրված էր համալսարանի անվանակոչման, առաջին բրյուսովյան ընթերցումների անցկացման և բրյուսովագիտության կաբինետի հիմնադրման 40-ամյակին: Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են բրյուսովագետներ Մոսկվայից, Ստավրոպոլից, Թբիլիսիից, Գյումրիից, Վանաձորից, Ստեփանակերտից:
Զեկույցները ներկայացնում էին ինչպես Վ.Բրյուսովի՝ որպես բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի, թարգմանչի, պատմագրի, քննադատի, այնպես էլ նրա դարաշրջանի պատմա-գրական, գրականագիտական, լեզվաբանական, մշակութաբանական, փաստագրական, իմաստաբանական ուսումնասիրությունների հայեցակերպերը:
XII բրյուսովյան ընթերցումները ավելի ամրապնդեցին կապը Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Ռուսաստանի առաջատար գիտական և ուսումնական կենտրոնի, համաշխարհային ռուսագիտության առաջատարի՝ Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետհամալսարանի միջև, ինչպես նաև ավանդական գիտական շփումները Ստավրոպոլի պետհամալսարանի հետ: XII բրյուսովյան ընթերցումներն, անկասկած, նպաստեցին հայ-ռուսական կապերի հետագա զարգացմանը հումանիտար մակարդակով: Մոտակա ժամանակներում հնարավոր է թվում Մոսկվայի և Ստավրոպոլի պետհամալսարանների հետ համատեղ աշխատանքը Վ.Բրյուսովի գիտական կենսագրության և նրա կյանքին ու ստեղծագործության տարեգրության վրա:
Անցկացված բրյուսովյան ընթերցումները ցույց տվեցին, որ բրյուսովագիտությունը՝ դառնալով Հայաստանում անխախտ ավանդույթ, այժմ էլ հանրապետությունում ռուսագիտության առաջատար գիտական ուղղություններից է, իսկ Վ.Բրյուսովի անվան համալսարանը՝ բրյուսովագիտության կենտրոններից մեկը:
2006 թ. հոկտեմբերին Մոսկվայում «Հայաստանի տարին Ռուսաստանում» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ XIII միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի հրատարակման 90-ամյակին, որի նյութերն ընդհանրացված են 2008 թ. լույս տեսած «Բրյուսովյան ընթերցումներ»-ի տասնմեկերորդ հատորում:
2008 թ. դեկտեմբերին տեղի ունեցան բրյուսովյան ընթերցումներ Պյատիգորսկում: 2009 թ. հրատարակվեց «Брюсовские чтения на Кавминводах – 2008» գիտական հոդվածների ժողովածուն:
Հոկեմբերի 1-2-ին ԵՊԼՀ-ի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Բրյուսովյան ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողով: ԵՊԼՀ դասախոսների հետ համատեղ գիտաժողովին զեկույցներով հանդես եկան բրյուսովագետներ Մոսկվայից, Ստավրոպոլից: Այնուհետև տեղի ունեցավ Բրյուսովյան գիտական կենտրոնի և Վ.Բրյուսովի թանգարանի բացման արարողությունը: Թանգարանում ներկայացված են նմուշներ, որոնց թվում են Վ. Բրյուսովին պատկանող որոշ անձնական իրեր, գրքեր, թարգմանություններ, հուշանվերներ, նրա կենդանության օրոք տպագրված բոլոր հրատարակությունները, որոնք թանգարանին փոխանցել է Բրյուսովի ընտանիքը:
Ընտանիքը նաև թանգարանին է հանձնել տարբեր նկարիչների հեղինակային նկարներ, որոնք պատկանել են իրենց ընտանիքին: Թանգարանում ցուցադրվում են ավելի հին նմուշներ, որոնք մինչ այդ պահվում էին արխիվում, քանի որ այդ նյութերը հատուկ պահպանման կարիք ունեին: Թանգարանի մաս է կազմում Վ. Բրյուսովի` հայ ակադեմիկոս Մերկուրովի պատրաստած դեմքի և ձեռքի գիպսե պատճենը: Նույն օրը տեղի ունեցավ «Վ.Բրյուսովի մատենագիտության նյութերի 1974-1994» գրքի և «Բրյուսովագիտությունը ԵՊԼՀ-ում (1996-2010թթ.)» ձայնասկավառակի շնորհանդեսները:














