
Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։ ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2007թ.-ի նոյեմբերի 3-ին ԵՊԼՀ գիտական խորհրդի որոշման համաձայն: Կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել աշխատաշուկայում ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը, համալսարանի առջև առաջադրված խնդիրների լուծմանը:
Կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը
Շուկայական տնտեսության անցնելուց հետո շրջանավարտներին հետագա աշխատանքով ապահովելու խնդիրը դարձավ առանցքային հիմնախնդիր: Ի տարբերություն նախկինի, երբ խորհրդային պլանային տնտեսության պայմաններում կենտրոնացված կարգով լուծվում էր շրջանավարտի աշխատանքի տեղավորման խնդիրը, նոր հասարակարգի պայմաններում շրջանավարտը պետք է հիմնականում անձնական ջանքերի շնորհիվ գտնի աշխատանք: Այս խնդրի լուծումը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետևանքով բավականին բարդ է շրջանավարտների համար: Ցավոք, հաճախ համալսարանի շրջանավարտները, ավարտելով բուհը, ընդունվում են բարձրագույն կրթությանը ոչ հարիր և ոչ համապատասխան աշխատանքի: Նման պայմաններում աշխատաշուկայի բարդ համակարգում երիտասարդ մասնագետների կողմնորոշման, աշխատանքային շուկայում շրջանավարտների մրցունակության բարձրացման աջակցման խնդիրը համալսարանի համար դառնում է առաջնային և խիստ հիմնավորված: Տարբեր երկրներում առաջատար բուհերի ֆինանսական հնարավորությունների որոշակի մասը գոյանում է շրջանավարտների աջակցության և բուհ-շրջանավարտ ակտիվ կապի պահպանման շնորհիվ:
ԵՊԼՀ-ն իր գործունեության շուրջ 76 տարիների ընթացքում տվել է շրջանավարտների մի փայլուն համաստեղություն, ավելի քան 50000 բարձր որակավորում ունեցող մասնագետներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և մի շարք այլ լեզուների, ինչպես նաև գործնական հոգեբանություն, միջազգային տուրիզմ, քաղաքագիտություն, երկրագիտություն և այլ մասնագիտությունների գծով: Ակնհայտ է, որ այսպիսի հզոր ներուժի, աշխատանքների կազմակերպման նոր ձևերի, մոտեցումների և հնարավորությունների պայմաններում շրջանավարտ-համալսարան որակական նոր փոխհարաբերությունների ձևավորումը կրկին կարևոր խնդիր է հանդիսանում:
Աշխարհի գրեթե բոլոր զարգացած և կայացած բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում են տվյալ կառույցի տասնյակ հազարավոր շրջանավարտներին համախմբող ստորաբաժանումներ, որոնք կոչված են սատար կանգնելու իրենց բուհերի ամենատարբեր խնդիրներին:
Կարիերայի կենտրոնի առաջնային նպատակներից մեկն է հանդիսանում ուսանողների և շրջանավարտների հետ շարունակական կապ պահպանելը։ Այդ իսկ նպատակով Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործածության է դրվել ԵՊԼՀ Կարիերայի և շրջանավարտների կենտրոն խումբը և պաշտոնական էջը, որտեղ պարբերաբար տեղադրվում են աշխատանքի առաջարկներ, կրթական և կամավորական ծրագրեր, սեմինարներ և այլն։
Պաշտոնական էջ՝ Career and Alumni Center, YSLU after V. Brusov
ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման և Կարիերայի կենտրոնի բլոգ
ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի կանոնադրություն
Էլ. հասցե՝
careercentre@brusov.am
careercenterbrusov@gmail.com
Հեռախոսներ` 530272 / ներքին 515/















