Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն

Center of Continuing and Life-long Education

Նամակ գրել Տպել PDF
HSHK_logoՀամալսարանական շարունակական կրթության կենտրոնի հիմնական նպատակներն ու խնդիրները

Հարատև կրթություն. հիմնական նպատակներն ու խնդիրները

«Ցկյանս ուսումնառություն», կամ «հարատև կրթություն» հասկացության շրջանակը որոշակիորեն ձևափոխում է կրթության և մասնագիտացված ուսուցման տարբեր մակարդակների միջև և դրանց ներսում ընկած ավանդական սահմանները, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք ընկած են գիտելիքի փոխանցման, դրսևորման, զարգացման և գնահատման հիմքում։ Ըստ էության փոփոխությունների է ենթարկվում որակավորումների համակարգի բնույթը և զգալիորեն ընդլայնվում որակավորումների և դրանք պայմանավորող կրթական արդյունքների բազմազանության դիապազոնը։

 Հարատև կրթության գերհամակարգում հիմնական կրթության և մասնագիտացված ուսուցման համակարգերի սահմանագծերում առաջանում են նոր հատվածներ, որոնք պայմանավորվում են գիտելիքը համալրելու և կոմպետենցիաները զարգացնելու ինտենսիվ կարճաժամկետ դասընթացներ կամ փոքրածավալ ծրագրերի հասարակական ընդլայնվող պահանջարկով։ Սա էլ, իր հերթին, առաջացնում է այդպիսի միջավայրերում իրականացվող կրթությունը պատշաճ կերպով համակարգելու և արդյունքները արժանահավատ ու ճանաչելի դարձնելու խնդիրը։

Լրացուցիչ և շարունակական կրթությունը գիտելիքի արագ փոփոխվող աշխարհում կազմում է մասնագիտական կրթության անբաժանելի մաս՝ ընդգրկելով կրթական պահանջմունքների այն հատվածը, որը պայմանավորված է հիմնական մասնագիտական կոմպետենցիաների դրսևորմանն ու զարգացմանը նպաստող լրացուցիչ կոմպետենցիաների ձևավորման անհրաժեշտությամբ։ Հայտնի է, որ գլոբալիզացիայի պայմաններում շուկայում հատկապես մեծ է ընդհանրական կոմպետենցիաների պահանջարկը, որոնք մեծ մասամբ առնչվում են համամարդկային արժեքների, միջանձնային ունակությունների, միջմշակութային հաղորդակցության հմտությունների հետ։ Միևնույն ժամանակ, այդպիսի կարողությունների զարգացումը հիմնական կրթական ծրագրի շրջանակներում միշտ չէ, որ իրատեսական է, քանի որ, մի կողմից, սահմանափակում է բուն առարկայական (մասնագիտական) կոմպետենցիաների զարգացման հնարավորությունը, ուսումնական բեռնվածության զգալի ծավալ տանելով մասնագիտական ծրագրից, իսկ մյուս կողմից՝ բավարար հնարավորություններ չի ձևավորում բուն իսկ ընդհանրական կոմպետենցիաների ողջ սպեկտրը ծրագրում ընդգրկելու համար։ Եվս մեկ կարևոր հանգամանք. հիմնական կրթական ծրագրի կառուցվածքը սահմանափակ հնարավորություններ ունի տարաժամկետ դասընթացների կազմակերպման համար՝ հաշվի առնելով ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախանշվող ուսումնական գործողությունների հստակ ժամկետները, մինչդեռ լրացուցիչ կրթության համակարգում հիմնական այս կամ այն կրթական ծրագրում ընդգրկված ուսանողները կարող են ձեռք բերել անհատական հետաքրքրություններով և կարիքներով կամ հիմնական կրթական ծրագրի պահանջներով պայմանավորված կոմպետենցիաները առավել հարմար ժամկետներում։

Լրացուցիչ կրթության համակարգը ձեռք է բերում ևս մեկ կարևոր գործառույթ՝ հնարավորություններ ընձեռելով ոչ միայն հիմնական կրթական ծրագրին հավելված լրացական դասընթացներ առաջարկելու, այլ նաև՝ կրթական ինքնուրույն հատույթ հանդիսանալով, նպատակային կերպով սպասարկել հասարակության՝ ֆորմալ կրթության համակարգում չընդգրկված հատվածի կրթական կարիքները՝ կազմելով շարունակական, կամ հարատև կրթության կարևորագույն բաղադրատարրերից մեկը։

Այդ գործառույթով են պայմանավորված նաև դասավանդող կազմի մասնագիտական կոմպետենցիաների զարգացման հնարավորությունները։ Մասնագիտական զարգացման և վերապատրաստման տարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակական կրթության կարևորագույն սեգմենտներից մեկն է հանդիսանում։

Համալսարանական շարունակական կրթություն. հիմնական նպատակներն ու խնդիրները

Համալսարանական շարունակական կրթությունը՝ ցկյանս ուսումնառության համակարգի համեմատաբար նոր ուղղություն է, որի հիմնական նպատակն է համալսարանների՝ իբրև ցկյանս ուսումնառության հաստատությունների առաքելության ստանձնումը։ Միտված լինելով լայն հասարակության կրթական կարիքների բավարարմանը՝ համալսարանական շարունակական կրթությունն ունի երկու առանձնահատուկ հատկանիշ, որոնք բխում են համալսարանի մատուցած կրթական ծառայությունների ակադեմիական բնույթից և բուհերի սոցիալական պատասխանատվությունից՝

(ա) համալսարանական շարունակական կրթությունը՝ ի տարբերություն հարատև կրթություն իրականացնող այլ կրթական կենտրոնների հենվում է համալսարանի հետազոտական և ուսումնամեթոդական գործունեության արդյունքների վրա. հանգամանք, որը թույլ է տալիս բազմազանեցնել այդ գործունեության կիրառման և հանրայնացման հնարավորություններն ու եղանակները՝ դրանով իսկ նպաստելով վերջինիս կայուն զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական և ֆինանսական հենարանների ապահովմանը.

(բ) համալսարանական շարունակական կրթությունը՝ ուղղված լինելով դեպի հանրության լայն շրջանակի մշտատև կրթական կարիքների բավարարմանը, այդ գործունեությունն իրականացնում է ընդգրկելով ունկնդիրներին ակադեմիական միջավայր. հանգամանք, որը թույլ է տալիս շեշտադրել ոչ միայն պատշաճ մասնագիտական ուսուցումը, բայց նաև փոխանցել քաղաքացիական արժեքներ՝ դրանով իսկ ընդլայնելով քաղաքացիական հասարակության զարգացմանը մասնակցելու համալսարանի հնարավորությունները և ձևավորել բարենպաստ հանրային միջավայր համալսարանի իսկ զարգացման համար։

Այս երկու տարբերիչ հատկանիշներն են ձևավորում համալսարանական շարունակական կրթության այն ուրույն խորշը հարատև կրթության գերհամակարգում, որտեղ ոչ ֆորմալ կրթական ծառայությունների շուկայի այլ սուբյեկտներ (ձեռնարկությունների ուսուցման բաժիններ, ուսուցման և վերապատրաստման կենտրոններ) ի բնէ չեն կարող գործունեություն ծավալել։

Մյուս կողմից՝ ի տարբերություն վերը նշյալ ուսումնական կենտրոնների, ելնելով վերն իսկ նկարագրված իր առանձնահատկությունից համալսարանի գործունեությունը շարունակական կրթության ոլորտում միտված է այնպիսի թե՛ առարկայական, թե՛ ընդհանրական կոմպետենցիաների զարգացմանը, որոնք հատուկ են հենց համալսարանական մակարդակի կրթական ծրագրերին։

Այս հանգամանքը թույլ է տալիս դյուրացնել նաև շարունակական կրթության ընթացքում ձեռք բերվող կրթական արդյունքների պաշտոնական ճանաչումը և հավաստագրումը, ինչը հավելյալ գրավչություն է հաղորդում համալսարանական շարունակական կրթությանը։


Երևան
Թումանյան 42

հեռ.`     010 538 164 # 225
            091 309 428
էլ. փոստ` ulll@brusov.am

             Facebook





















 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ