Անգլերենի հաղորդակցման ամբիոնի վարիչի ժ/պ Գայանե Եղիազարյան, բ.գ.թ., դոցենտ
Ուզում եմ օգտվել ինձ ընձեռնված պատեհությունից և գործընկերներիս անունից ողջունել բոլորիդ` անգլերենի հաղորդակցման ամբիոնի կայքէջում: Հպարտությամբ փաստում եմ, որ մեր ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետությունում և արտերկրում հայտնի մասնագետներ, և մենք առաջարկում ենք հմուտ և վաստակաշատ դասախոսների կողմից դասավանդվող դասընթացների լայն երանգապանակ:
Հաղորդակցական հմտությունների ուսուցումն անգլերենի հաղորդակցման ամբիոնի թիրախային նպատակն է: Դժվար է գերագնահատել հաղորդակցման դերն ընդհանրապես և անգլերեն հաղորդակցման դերը, մասնավորապես: Անգլերենի պատշաճ իմացությունն այսօր հաջողության հասնելու գրեթե անվերապահ գրավականն է: Այն օգնում է ուսանողներին հասկանալ տարբեր մշակույթների, միջավայրերի և ժամանակների մարդկանց, զինում նրանց արդյունավետ հաղորդակցվելու հմտություններով, օգնում բարելավել իրենց թե’ մտավոր, թե’ նյութական կեցությունը և հանդես գալ որպես հանրույթի լիիրավ անդամներ:
Դասավանդելով գործնական լեզու և տեսություն, անգլերենը որպես մասնագիտություն և որպես օտար լեզու, ինչպես նաև` բակալավրական և մագիստրոսական ծրագրերի շրջանակներում պարտադիր և կամընտրական առարկաներ` ամբիոնի դասախոսները խրախուսում են ուսանողներին` մտածել և գործել ստեղծագործաբար և զարգացնել քննադատական և վերլուծական այն հմտությունները, որ խթանում են արդյունավետ հաղորդակցումը համալսարանում, աշխատավայրում և կյանքում, ընդհանրապես:
Մեր առաքելությունն է` ուսանողներին ապահովել նրանց մասնագիտական առաջընթացն ապահովող և անգլերեն հաղորդակցման համար անհրաժեշտ գործիքակազմով` առաջարկելով նրանց դասավանդման արդիական ձևեր, հետաքրքիր դասընթացներ և անհատական ուսուցումը խթանող միջոցներ:
Այդ նպատակին հասնելու համար ամբիոնում առաջադրվում են հետևյալ խնդիրները.
- ·զարգացնել ուսանողների հաղորդակցական հմտությունները` վերլուծական և քննադատական ընթերցանության, վերլուծական և քննադատական գրավոր և բանավոր խոսքի միջոցով
- ·ներկայացնել լավ մշակված և տարբերակված դասընթացներ
- ·որդեգրել գիտական հենք ունեցող դասավանդման արդիական միջոցներ
- ·համագործակցել համալսարանի մյուս ամբիոնների և դեկանատների հետ
- ·համագործակցել արտերկրի գիտական հանրույթի հետ` հրապարակումների և գիտաժողովների միջոցով
Անգլերենի հաղորդակցման ամբիոնն ուսանողներին առաջարկում է արդեն հաստատված գիտակարգերը համատեղել “երիտասարդ” և հարաշարժ առարկայացանկով: Այս ծրագրի նպատակն է` ապահովել միջգիտակարգային համատեքստ, որտեղ լեզվական և մշակութային իրազեկությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց` խթանելով ուսանողների ստեղծագործաբար մտածելու և պատեհորեն հաղորդակցվելու մշակույթը:
Գիտահետազոտական աշխատանքը ամբիոնի անձնակազմի գործունեության անքակտելի մասն է կազմում: Կատարվում են ուսումնասիրություններ արդի լեզվաբանության տարբեր ուղղություններով` խոսույթ և խոսույթի վերլուծություն, տեքստ և տեքստի լեզվաբանություն, հաղորդակցական և Ճանաչողական լեզվաբանություն, գործաբանություն, լեզվամշակութաբանություն:
Էլ. փոստ`
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հեռ` (+374)10530491 ներքին 116














