Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Ֆրանսերենի » Այլ

Այլ

Նամակ գրել Տպել PDF

Հնչյունաբանության մրցույթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը

Մարտի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան գրադարանում տեղի ունեցավ հնչյունաբանության մրցույթ, որը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ԵՊԼՀ-ի և ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համատեղ ուժերով: Մրցույթին մասնակցում էին մի շարք ուսանողներ Հայաստանում Սլավոնական համալսարանից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Մանկավարժական համալսարանից: Ի ուրախություն մեզ, II և III տեղերը գրավեցին ԵՊԼՀ-ի ուսանողները /II տեղ՝ ԼՄՀ ֆակուլտետի III կուրսի ուսանողուհի Լուսինե Աբգարյան, III տեղ՝ ՕԼ ֆակուլտետի II կուրսի ուսանողուհի Վարսենիկ Գասպարյան/:

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ կայքում՝ http://news.armeniatv.com/post/id/86640/


Թարգմանության և էսսեի մրցույթներ

Մարտի 26-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցան թարգմանության և էսսեի մրցույթներ, որոնց մասնակցեցին մի շարք ուսանողներ:

Թարգմանության մրցույթում առաջին տեղը գրավեց ՕԼՖ-ի լեզվաբանություն և ֆրանսերեն բաժնի II կուրսի ուսանողուհի Ստելլա Ջանազյանը:

Էսսեի մրցույթում հաղթող ճանաչվեց ՕԼՖ-ի լեզվաբանություն և ֆրանսերեն բաժնի III կուրսի ուսանող Մկրտիչ Մկրտչյանը:

Հաղթողներին պատվոգրեր և մրցանակներ հանձնվեցին Ֆրանկոֆոնիայի շաբաթվա հանդիսավոր փակման արարողության ժամանակ:


«Աշխարհի լեզվական պատկերը»
ուսանողական միջազգային գիտաժողովի բացումը
Այս տարի առաջին անգամ «Աշխարհի լեզվական պատկերը» միջազգային գիտաժողովի շրջանակներում կազմակերպվել էր ուսանողական գիտաժողով, որին մասնակցում էին ուսանողներ ԵՊԼՀ-ից, Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանից, ՀՊՄՀ-ից: Գիտաժողովին մասնակցեցին նաև մի շարք ուսանողներ Ֆրանսիայից՝ Մարի Վերստավել Կոքեն /Ռենի համալսարան/ և Տեդի Բանոյանը /Մարսելի Գեղարվեստի դպրոց/: Գիտաժողովի բացման արարողությունը տեղի ունեցավ ս/թ մարտի 23-ին ԵՊԼՀ-ի Նիստերի փոքր դահլիճում: Գիտաժողովն իր ներկայությամբ պատվեց բելգիացի գրող Էլիզա Բրունը, որը հանդես եկավ «Գրել ֆրանսերեն, երբ ֆրանսիացի չես» թեմայով:
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ կայքում՝  http://mir24.tv/news/culture/4804485

Եվգենի Իոնեսկուի «Cantatrice chauve» պիեսի բեմականացումը ԵՊԼՀ-ում

Ս/թ մարտի 22-ին ֆրանսերենի ամբիոնի դասախոս Ա. Ստեփանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թատերական ներկայացում: Ֆրանսիական բաժնի II և III կուրսի ուսանողները  բեմադրեցին Եվգենի Իոնեսկուի «Cantatrice chauve» պիեսը:
                  533889_398329013528541_100000543374322_1371209_1992274773_n
Բեմադրությունը կարող եք դիտել՝ այցելելով հետևյալ կայքը՝ http://www.youtube.com/watch?v=DF-O_IYWMFw&context=C4043a99ADvjVQa1PpcFN3JzufI225_UjSaxwNULqQ2emBb6L190w%3D

Copy_of_IMG_7220«Աշխարհի լեզվական պատկերը» չորրորդ միջազգային գիտաժողովի բացումը

Ֆրանկոֆոնիայի շաբաթվա բացման արարողությունը տեղի ունեցավ ս/թ մարտի 21-ին ժամը 11.00-ին ԵՊԼՀ-ի Մեծ դահլիճում: Բացման արարողությանը հաջորդեց «Աշխարհի լեզվական պատկերը» չորրորդ միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը և լիագումար նիստը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ հիմնախնդիրները.       
  • թարգմանաբանության արդի խնդիրներ. միջմշակութային հայեցակետ,
  • աշխարհի լեզվական պատկերը. զուգադրական-տիպաբանական ուսումնասիրություններ,
  • արդի ֆրանսերենի զարգացման միտումներն ու հեռանկարները,
  • օտար լեզուների դասավանդման խնդիրները միջմշակութային հաղորդակցության լույսի ներքո,
  • լեզուների և մշակույթների երկխոսությունը ֆրանսիական գրականության մեջ. միջնադարից պոստմոդեռնիզմ:

Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ ԱԳՆ Արտակարգ և լիազոր դեսպան, Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն և այլք:
Տարբեր երկրներից ժամանած հյուրերի շարքում էին Մոլդովայի Ազատ համալսարանի Օտար լեզուների և հաղորդակցման տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Լ. Հոմետկովսկին, արվեստագիտության դոկտոր Ա. Հինկուն, ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչ Կ. Սիստեռնը, կանադացի գրող Ժ. Բեկոնը:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դպրոցների հետ համատեղ մշակութային միջոցառում ֆրանսերենի ամբիոնի դասախոսներ Է. Խանյանի, Հ. Գրիգորյանի, Ա. Կապլանյանի, Վ. Ղամբարյանի նախաձեռնությամբ:

           Copy_of_IMG_7281     Copy_of_IMG_7278     Copy_of_IMG_7365


ՌԴ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Սլոանի այցը ԵՊԼՀ

Ս/թ մարտի 20-ին ԵՊԼՀ-ի Նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՌԴ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Սլոանի հետ: Վերջինս ԵՊԼՀ էր ժամանել իր տիկնոջ, մի շարք հրապարակախոսների ու դիվանագետների հետ: ԵՊԼՀ-ի դասախոսական կազմի և ուսանողների հետ զրույցից հետո տեղի ունեցավ գինու և պանրի համտեսում, որից հետո ցուցադրվեց կանադական «La Grande Séduction» ֆիլմը:

«
Ֆրանսիական պոեզիա և երաժշտություն» խորագրով ցերեկույթ Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում 

Ս/թ մարտի 16-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ «Ֆրանսիական պոեզիա և երաժշտություն» խորագրով: Միջոցառմանը մասնակցեցին ԼՄՀ ֆակուլտետի ֆրանսիական բաժնի III կուրսի ուսանողները: Միջոցառումը կազմակերպել էին ֆրանսերենի ամբիոնի ավագ դասախոսներ Ա. Մկրտչյանը և Ա. Ստեփանյանը:

                           Isahakyan             Isahakyan_1


Մարգըրիտ Դյուրասին նվիրված գիտաժողով ԵՊԼՀ-ում

Հոկտեմբերի 24-26-ը ֆրանսիական գրականության շաբաթվա շրջանակներում ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Մարգըրիտ Դյուրասի կյանքին և ստեղծագործությանը:
Դասախոսություններով հանդես եկան Ժ. Ֆիլիպը /«Մարգըրիտ Դյուրաս. կապույտ գիր, սև գիր»/ և Բ. Ալազեթը /«Ներկայությունը և Բացակայությունը Մարգըրիտ Դյուրասի ստեղծագործության մեջ»/:
Հոկտեմբերի 26-ին IV կուրսի ֆրանսիական բաժնի ուսանողները դասախոս  Ա. Կապլանյանի ղեկավարությամբ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրին մի հատված Մ. Դյուրասի «Un Barrage contre le Pacifique» վեպից:
Զեկուցումներով հանդես եկան նաև մագիստրատուրայի մի շարք ուսանողներ /դասախոս՝ Ա. Ջանիկյան/:

Շ
վեյցարական ֆրանսալեզու ժամանակակից գրականությանը նվիրված գիտաժողով

«Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հրավերով ս/թ հոկտեմբերի 17-ին Հայաստան էին ժամանել շվեյցարացի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դորիս Ժակյուբեքը և գրող, բեմադրիչ Ժակ Ռոմանը: Հայաստանում և Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությունների հովանու ներքո նախատեսվում էր կազմակերպել կոնֆերանսների շարք, որի նպատակն էր ներկայացնել շվեյցարական ֆրանսալեզու ժամանակակից գրականությունը հայ և վրացի ընթերցողին:
Հայաստանում ֆրանսախոս երիտասարդությունն ունի բազմապիսի հնարավորություններ շփվելու ֆրանսիական մշակույթի և գրականության հետ, ինչը չի կարելի ասել ֆրանսախոս այլ երկրների մշակույթների մասին
Մեծապես կարևորելով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դերը Հայաստանում լեզվաբանների պատրաստման և երիտասարդության զարգացման գործում՝ «Կազա» հիմնադրամն առաջարկել էր կոնֆերանսներից երեքն անցկացնել մեր համալսարանում:
Գիտաժողովի բացման արարողությունը տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի մեծ դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես եկան բ.գ.դ., պրոֆեսոր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին և ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամի նախագահ տկն. Մոնիք Բոնդոլֆի-Մասրաֆը:
Բացման արարողությանը հաջորդեց Դ. Ժակյուբեքի «Հումորի, հեգնանքի և ծաղրանքի դերը ժամանակակից վեպում» դասախոսությունը, որն ընդմիջվում էր Ժ. Ռոմանի կողմից գրական ստեղծագործությունների ընթերցմամբ:

ԵՊԼՀ-ի ուսանողներ
ը որպես թարգմանիչներ

Ս/թ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը մեր համալսարանի մի շարք ուսանողներ մասնակցեցին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ն. Սարկոզիի պետական այցի նախապատրաստական աշխատանքներին: Այդ ընթացքում մեր ուսանողուհիները  դրսևորեցին մարդկային բարձր որակներ և ֆրանսերենի իմացության պատշաճ մակարդակ, ինչը չվրիպեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ա Ռենոյի ուշադրությունից:
Այս կապակցությամբ պարոն դեսպանը հատուկ նամակով իր շնորհակալությունը հայտնեց ԵՊԼՀ-ի ռեկտոր Ս Զոլյանին:

Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվիրակության այցը ԵՊԼՀ

Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի ռեգիոնալ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Լուվենի կաթոլիկ համալսարանի կողմից առաջարկվել է ԵՊԼՀ-ի հետ համագործակցությամբ իրականացնել համալիր ծրագիր` նախատեսված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (PECO) խորհրդարանականների, ինչպես նաև ֆրանկոֆոն համալսարանների դասախոսների համար: Դասախոսությունները նվիրված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և ֆրանկոֆոնիայի զարգացման հարցերին: Ծրագրի իրականացման համար սեպտեմբերի 2-ին ԵՊԼՀ էր ժամանել Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը հետևյալ կազմով` քաղաքագիտության և հասարակագիտության բարձրագույն դպրոցի նախագահ, պրոֆեսոր Տանգի դը Վայլդ դ’Էսթեմայլը և երիտասարդ գիտաշխատող Վենսան Լաբողդըղին: Վերջիններս Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնում հանդիպում ունեցան դասախոսների և ուսանողների հետ: Նրանք հույս հայտնեցին, որ համագործակցությունը մեր համալսարանի հետ կլինի բեղմնավոր և արդյունավետ:

Concours_de_prononciation_2011Պոեզիայի մրցույթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը

Մայիսի 19-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ ֆրանսիական պոեզիայի մրցույթ, որին մասնակցում էին ուսանողներ ԵՊԼՀ-ից,  ԵՊՀ-ից և ՀՊՄՀ-ից։ Այս անգամ մեր համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի IV կուրսի ուսանողուհի Լուսինե Մուսախանյանը 1-ին տեղը կիսեց ԵՊՀ-ի մագիստրատուրայի II կուրսի մագիստրանտ Բորիս Միքայելյանի հետ։ Մեր համալսարանի ներկայացուցիչն ասմունքեց Շառլ Բոդլերի «Enivrez-vous!» արձակ բանաստեղծությունը։

Միջհամալսարանական ֆրանսիական երգերի մրցույթ

Մայիսի 6-ին Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ միջհամալսարանական ֆրանսիական երգերի մրցույթ։ Մրցույթին մասնակցում էին տարբեր համալսարաններից ուսանողներ։ Ի ուրախություն մեզ, 1-ին տեղը գրավեց ԵՊԼՀ-ի ֆրանսիական բաժնի III կուրսի ուսանողուհի Հասմիկ Առաքելյանը։   

Ֆրանկոֆոնիայի
ամսվա հանդիսավոր փակման արարողությունը ԵՊԼՀ-ում

Ապրիլի 21-ին, ժ. 11.00-ին ԵՊԼՀ-ի Նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի ամսվա հանդիսավոր փակման արարողությունը։ I, II և III կուրսի ուսանողները դասախոսներ Ա. Կապլանյանի և Վ. Ղամբարյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին «Փարիզը երգերի ներքո» խորագիրը կրող համերգ- ներկայացում։ Միջոցառման ընթացքում ուսանողները հանդիսատեսին տեղափոխեցին   50-90-ական թթ. Փարիզ։ Ամենուր սավառնում էր փարիզյան շունչն ու ոգին։

Էսսեների մրցույթ` «Իմ ֆրանսիական երազանքները» վերնագրով

Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացված միջոցառումների շարքում էր նաև էսսեների մրցույթը, որը տեղի ունեցավ ապրիլի 19-ին և ընդունվեց մեծ խանդավառությամբ: Այն կազմակերպել էին դասախոսներ Մ. Մանուկյանը, Ս. Գալստյանը և Ռ. Գալստյանը: Մրցույթին մասնակցեցին III կուրսի մի շարք ուսանողներ: Նրանց գրչին առաջադրվեց ֆրանկոֆոնիային վերաբերող ասույթի մեկնաբանություն. «La francophonie commence à l’école. C’est à l’école qu’elle apprend à se marier avec toutes les formes, les références, les valeurs d’une humanité très ancienne. Il y a des écoles françaises au Chili ou en Bulgarie, comme il y en a dans nos banlieues officielles et dans nos beaux quartiers. Sous toutes les latitudes on y apprend à devenir plus: à entrer dans une histoire qui est le contraire d’une nostalgie, dans une communauté qui est le contraire d’un ghetto» (Alain Peyrette) և «Mes rêves français» /«Իմ ֆրանսիական երազանքները»/ թեման:
Հանձնաժողովը լավագույնը համարեց III խմբի ուսանողուհի Լիլիթ Խաչինյանի աշխատանքը, քանի որ վերջինս համապատասխանում էր էսսեի բոլոր պահանջներին, աչքի ընկնում ֆրանկոֆոնիային վերաբերող հարուստ գիտելիքներով և մտքերի գեղեցիկ ու անթերի շարադրմամբ:

Մշակութային
միջոցառում միջնակարգ և բարձրագույն ֆրանկոֆոն ուսումնական հաստատությունների հետ համատեղ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում Երևանի Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Երևանի Ստ. Զորյանի անվան №56 դպրոցը, Արարատի մարզի Այնթապի №1 միջնակարգ դպրոցը, Ջոն Կիրակոսյանի անվան №20 դպրոցը ապրիլի 15-ին կազմակերպել էին մշակութային միջոցառում, որը տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի մեծ դահլիճում։ Երևանի Ստ. Զորյանի անվան №56 դպրոցը և Երևանի Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնը կազմակերպել էին ''C'est beau la vie'' միջոցառումը` նվիրված Ժան Ֆերայի ստեղծագործական կյանքին: Արարատի մարզի Այնթապի №1 միջնակարգ դպրոցի աշակերտները կազմակերպել էին միջոցառում` նվիրված Ֆրանսիային և նրա տեսարժան վայրերին։ Ջոն Կիրակոսյանի անվան №20 դպրոցը հանդես եկավ երաժշտական կատարմամբ։
Արարատի մարզպետը, վերը նշված դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդականը, Քաղաքապետարանի կրթության վարչության պետը և գլխավոր մասնագետը ստացան շնորհակալագրեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումները լավագույնս կազմակերպելու, ուսուցչական և աշակերտական կազմի մասնակցությունն ապահովելու, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար: 

Francophonie_Colloque_2011«Աշխարհի
լեզվական պատկերը» երրորդ միջազգային գիտաժողովի բացումը 

Աշխարհի լեզվական պատկերը» երրորդ միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 12-ին, ժ. 11.00-ին ԵՊԼՀ-ի Նիստերի մեծ դահլիճում:
Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ բ.գ.դ., պրոֆեսոր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:  
Նա ներկայացրեց տարբեր երկրներից ժամանած հյուրերին՝ Քոլեժ  դը Ֆրանսի պատվավոր պրոֆեսոր Կ. Աժեժին, Սոֆիայի ՛՛Saint Kliment Ohridski՛՛ համալսարանից բ.գ.դ., պրոֆեսոր Դ. Վեսելինով-Դիմիտրովին և բ.գ.դ., պրոֆեսոր Գ. Ժեչևին, Փարիզ-Դեկարտ համալսարանի բ.գ.դ., պրոֆեսոր Մ. Իրշոռն-Մարտենին, Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վ. Կոլեսնիկովին, որոնք եկել էին մասնակցելու «Աշխարհի լեզվական պատկերը» երրորդ միջազգային գիտաժողովին, և արգասավոր աշխատանք մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:
Ելույթ ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նա ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և գոհունակություն հայտնեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և դեսպանատան համագործակցության առիթով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարարի` Ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական, արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Նա մասնավորապես խոսեց Հայաստանում ֆրանսերենի դասավանդման դրվածքի և խնդիրների մասին և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ֆրանկոֆոնիայի հետագա միջոցառումների կազմակերպմանը:
Ներկաներին ողջույնի խոսք ասաց Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժ. Մորզըլեքը: Նա հատկապես խոսեց 2 համալսարանների՝ Հայաստանում Ֆրանսիական և ԵՊԼՀ-ի փոխհամագործակցության ծրագրերի մասին և հույս հայտնեց, որ  այդ ծրագրերը ապագայում կընդլայնվեն:
Francophonie_Kolesnikov_2011«Աշխարհի լեզվական պատկերը» երրորդ միջազգային գիտաժողովի աշխատանքները տևեցին 2 օր: Գիտաժողովի փակման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 13-ին, ժ. 17.00-ին ԵՊԼՀ-ի Նիստերի փոքր դահլիճում: Համալսարանի գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանն ամփոփեց գիտաժողովի արդյունքները, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և գիտաժողովի կազմակերպիչներին: ԵՊԼՀ-ի ռեկտոր բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Զոլյանի կողմից Ֆրանսիայի Քոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր Կ. Աժեժին հանձնվեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հիմնադրման 75-ամյակին նվիրված հուշամեդալ:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Կ. Աժեժը: Նա ափսոսանքով նշեց այն հանգամանքը, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, սակայն ցանկություն հայտնեց կրկին վերադառնալ մեր հինավուրց երկիր` ուսումնասիրելու մեր լեզուն և մշակույթը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի այցը ԵՊԼՀ 

Փետրվարի 22-ին ԵՊԼՀ այցելեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: ԵՊԼՀ-ի ղեկավարության հետ հանդիպելուց և կարճատև զրույց ունենալուց հետո բարձրաստիճան հյուրը հանդիպում ունեցավ ֆրանսերենի ամբիոնի դասախոսների և ֆրանսիական բաժնի ուսանողների հետ: Վերջիններս մեծարգո հյուրի ուշադրությանը ներկայացրին գրական-երաժշտական մի փոքրիկ բեմականացում:
Նորանշանակ դեսպանը բարձր գնահատեց այս հանդիպումը և շնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանին և ուսանողներին ջերմ ընդունելության համար:
Visite_de_lambassadeur_2011           Ambassade_2011

«Էլեկտրոնային
դասընթացի ստեղծում» վերապատրաստման դասընթաց

Ս/թ հոկտեմբերի 4-8-ը ԵՊԼՀ-ի և AUF-ի (Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիա) համագործակցությամբ կազմակերպվեց «Էլեկտրոնային դասընթացի ստեղծում» վերապատրաստման դասընթացը: Դասընթացը վարում էին Սո‎‎ֆիայի «Ազատ» համալսարանի դասախոս Նիկոլայ Նիկոլովը և վերապատրաստող դասախոսի օգնական, ԵՊԼՀ ֆրանսերենի դասախոս Էվելինա Խանյանը: Դասընթացի բոլոր մասնակիցները ստացան համապատասխան վկայականներ: Պատրաստված դասերը տեղադրվեցին ԵՊԼՀ-ի կայք էջում:

AUF-ի
ռեկտորի այցը մեր համալսարան

Ս/թ հոկտեմբերի 5-ին մեր համալսարանը պատիվ ունեցավ հյուրընկալելու Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի /AUF/ ռեկտոր Բեռնար Սերքիլինիին /նստավայրը` Մոնրեալ, Կանադա/: Հարգարժան հյուրին ուղեկցում էր նաև AUF-ի  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի համակարգող տիկին Լիլիան Ռամարոզոան: ԵՊԼՀ-ի Նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցած հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը, որը մեծապես կարևորեց պարոն Սերքիլինիի այցը մեր համալսարան` հույս հայտնելով, որ այն կնպաստի մեր բուհում ֆրանկոֆոն արժեքների տարածմանը: Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Դ. Ղազարյանը, որը ներկայացրեց ամբիոնի` վերջին տարիներին ծավալած գործունեության համառոտ հաշվետվությունը` չմոռանալով ֆրանսերենի ամբիոնի կյանքում հիշարժան դարձած իրադարձությունների շարքին ավելացնել պարոն Սերքիլինիի այցը մեր համալսարան:
Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում մեծ հռչակ վայելող անվանի մտավորական Բեռնար Սերքիլինին իր ողջույնի խոսքը հղեց մեր համալսարանի ուսանողներին և ֆրանսերեն դասավանդող դասախոսներին` նրանց մաղթելով նորանոր վերելքներ և պատրաստակամություն հայտնելով օր օրի ընդլայնել ԵՊԼՀ-AUF  համագործակցության շրջանակները: Մեր համալսարանի ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողներն էլ իրենց հերթին ինքնատիպ ձևով դիմեցին բարձրաստիճան հյուրերին` նրանց ներկայացնելով մի նրբաճաշակ գրական-գեղարվեստական ծրագիր` պոեզիա, երգ-երաժշտություն, փոքրիկ բեմականացում, ինչպես նաև անդրադարձ հայտնի սենեգալցի ֆրանսալեզու գրող և բանաստեղծ Լեոպոլդ Սենգորի կյանքին ու ստեղծագործությանը: Ի թիվս այլ բանաստեղծությունների` մեր ուսանողների մատուցմամբ հնչեց նաև «Ստիպատակամորթ եղբորս» գրվածքը, որը հայտնի է որպես հակառասիստական կոչ: Միջոցառումը ներկաների կողմից ընդունվեց բուռն ծափահարություններով:
Հավելենք, որ հանդիպման ավարտին ԵՊԼՀ ռեկտորն իր արտասահմանցի գործընկերոջը հանձնեց մեր բուհի հիմնադրման 70 և 75-ամյակներին նվիրված հուշամեդալ և շնորհակալություն հայտնեց նրան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն իր ուշադրության կենտրոնում պահելու համար: 

«Նոր
վեպ» գրական ուղղության հիմնադիր Ալեն Ռոբ-Գրիյեի այրին` Կատրին Ռոբ-Գրիյեն ԵՊԼՀ-ում

Հոկտեմբերի 2-ին ԵՊԼՀ-ի հյուրն էր «նոր վեպ» գրական ուղղության հիմնադիր և կարկառուն ներկայացուցիչ Ալեն Ռոբ-Գրիյեի այրին` Կատրին Ռոբ-Գրիյեին: ԵՊԼՀ-ի Նիստերի մեծ դահլիճում ցուցադրվեց Ալեն Ռոբ-Գրիյեի մասին պատմող մի ֆիլմ, որից հետո տեղի ունեցավ նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված քննարկում: Ելույթ ունեցավ գրական արխիվի և մասնավորապես Ալեն Ռոբ-Գրիյեի արխիվի տնօրեն Ալբեր Դիշին: Քննարկմանը բուռն ակտիվություն ցուցաբերեցին նաև ԵՊԼՀ-ի ֆրանսիական բաժնի ուսանողները:

Ֆրանսիայի
տարին Ռուսաստանում և Ռուսաստանի տարին Ֆրանսիայում

Սեպտեմբերի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Ֆրանսիայում Ռուսաստանի և Ռուսաստանում Ֆրանսիայի տարվան: Միջոցառումը նախաձեռնել էին ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնը և Ռուսաց, օտար լեզուների և գրականության ֆակուլտետը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները, ԵՊԼՀ-ի ռեկտոր պրն. Ս. Զոլյանը, բարձրաստիճան այլ հյուրեր: Նշենք, որ այն անցկացվում էր ռուսերեն և ֆրանսերեն: Հնչեցին բազմաթիվ ստեղծագործություններ ռուսական և ֆրանսիական մշակույթից: Առավել հիշարժան էր «Ոսկե ձկնիկը» հեքիաթի երկլեզու մեկնաբանությունը:

Վերապատրաստման դասընթացներ մեր համալսարանում

2009թ. հունիսի 16-ից մինչև հուլիսի 4-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցան ավագ դպրոցի օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ՀՀ ԿԳ նախարարության և Կրթական Ծրագրերի կենտրոնի աշխատանքների շրջանակում վարկային միջոցներով: Դասընթացներին մասնակցում են ավագ դպրոցների օտար լեզուների մոտ 200 ուսուցիչ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից:
Դասընթացներն ունեն երեք հիմնական ուղղություն`
1.
օտար լեզու և մեթոդաբանություն
2.
գնահատման մեթոդաբանություն
3.
տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ /ՏՀՏ-ներ/

Ուսուցումը Հայաստանում 2009

2009թ. ապրիլի 15-16-ը ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ուսուցումը Հայաստանում 2009» 8-րդ միջազգային կրթական էքսպո-ցուցահանդեսը, որում ներկայացված էին պետական և ոչ պետական բուհեր: Դրանց թվում էր նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունեց ՀՀ Կրթության և Գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը` նշելով. «Ցուցահանդեսը հիմքեր է ստեղծում միջբուհական համագործակցության զարգացման, տեղեկատվության փոխանակման, ժամանակակից մասնագիտությունների և դրանց հեռանկարների վերաբերյալ պատկերացումների ձևավորման համար, նպաստում է երիտասարդության մասնագիտական կողմնորոշմանը:»
«Ուսուցումը Հայաստանում 2009»-ի շրջանակներում ԵՊՀ-ում տեղի ունեցավ նաև քննարկում, որի ընթացքում ԵՊԼՀ-ի Ֆրանսերենի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպեց Հայաստանի մարզերի դպրոցների ֆրանսերեն լեզվի ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ-ի պրոռեկտոր Ա. Ավագյանը, ՕԼՖ-ի դեկան տկն. Լ. Ֆլջյանը, գիտքարտուղար տկն. Դ. Ղազարյանը և այլք: Դասախոսները հանգամանորեն ներկայացրին համալսարանի ուսումնական ծրագրերը, քննարկեցին նաև հետագա համագործակցության ու փոխադարձ օժանդակության խնդիրները:
Ցուցահանդեսն ուսումնական հաստատություններին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել կրթական համակարգում ծավալվող բարեփոխումների ընթացքը, արձանագրված արդյունքները և այն ներուժը, որն ուղղված է ոլորտի մրցունակության ու իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացմանը:

«Աշխարհի լեզվական պատկերը»  միջազգային գիտաժողովը մեր համալսարանում

2009թ. մարտի 30-31-ը ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջազգային գիտաժողով, որը կրում էր «Աշխարհի լեզվական պատկերը» խորհրդանշական խորագիրը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին միջմշակութային հաղորդակցության, թարգմանաբանության, լեզուների զուգադրական ուսումնասիրության, բազամալեզվության և այլ հիմնահարցեր: Գիտաժողովին, որը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի գծով խորհրդական Ժ.-Պ. Մարտենի կարծիքով կարևորագույններից մեկն էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում անցկացված միջոցառումների ցանկում, իրենց մասնակցությունը բերեցին անվանի լեզվաբաններ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, ինչպես նաև  ԵՊԼՀ-ի, ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի և Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչներ:
Երկօրյա գիտաժողովի հանդիսավոր փակման ժամանակ հնչեցրած իր ելույթում ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր           Ս. Զոլյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` հանձին Դ. Ղազարյանի և Ն. Մանուկյանի, ինչպես նաև հուշանվերներ հանձնեց մեր համալսարանի հյուրերին:

Ֆրանկոֆոնիայի շաբաթը ԵՊԼՀ-ում

2009թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը մեր հարազատ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մի անմոռանալի տոնի մթնոլորտ էր տիրում, տոն, որում գերակշռում էին ֆրանսիական մոտիվները: Ֆրանկոֆոնիայի շաբաթը, որի հանդիսավոր բացումն ազդարարվեց մեր բուհի Նիստերի դահլիճում, անցավ մեծ ոգևորությամբ և ԵՊԼՀ-ի ուսանողներին պարգևեց բազմազան միջոցառումներ և մրցույթներ: Յուրօրինակ մեկնաբանությամբ թատերական ներկայացումները, ամբիոնի Ուսանողական գիտական ընկերության հերթական նիստը, լավագույն թարգմանության, լավագույն արտասանության և ինտելեկտուալ մրցույթները, մեր հարգարժան հյուրերի` հայտնի լեզվաբաններ Մ. Ռիննի և Ժ. Զարատի դասախոսությունները բրյուսովցիներին մտովի տեղափոխեցին ֆրանսիական իրականություն:

Ֆրանկոֆոնիայի արդի խնդիրներին նվիրված քննարկումներ

2009թ. մարտի 28-ին Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում ԵՊԼՀ-ում գործող Երևանի Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոնում բավականին ջերմ մթնոլորտում կազմակերպվեցին ֆրանկոֆոնիայի արդի խնդիրներին նվիրված քննարկումներ:
Միջոցառմանը մասնակցեցին ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:
Աշխատանքները, որ ներկայացրեցին ԵՊԼՀ-ի մագիստրատուրայի առաջին կուրսի ֆրանկոֆոն ուսանողները (դասախոս` Լուսինե Լոբյան) մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների մոտ:
Ելույթների ընթացքում բարձրացված հարցերի ակտիվ քննարկումների ավարտին միջոցառման բոլոր մասնակիցները ստացան նվերներ Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոնի կողմից, իսկ կենտրոնի ամենաակտիվ անդամները` ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի դասախոս Լուսինե Լոբյանը և ԼՄՀ ֆակուլտետի երրորդ կուրսի թարգմանչական վեցերորդ խմբի ուսանողուհի Լիանա Սուքիասյանն արժանացան հատուկ մրցանակների:

Ֆրանկոֆոնիայի շաբաթվա բացումը

2009թ. մարտի 26-ին ժամը 11.00-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի շաբաթը: Հանդիսավոր բացմանը հրավիրված էին Ֆրանսիայի, Բելգիայի, Ռումինիայի և մի շարք այլ երկրների դեսպաններ: Ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժ.-Պ. Մարտենը, ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Շ. Գիլեն, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կ. Պրունարիուն, ՀՀ ԱԳ նախարարի` Ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական, արտակարգ և լիազոր դեսպան Ք. Տեր-Ստեփանյանը,     ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տկն. Ա.-Մ. Շլոսերը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և լեզվի կցորդ տկն. Կ. Բեքը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանն իր խոսքում նշեց. «Ֆրանկոֆոնիան մի ծրագիր է, որը կնպաստի պետությունների հարաբերությունների բարելավմանը և ամրապնդմանը:»
2006 թվականից համալսարանն անդամակցում է AUF-ին (Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիա) և ակտիվ համագործակցում այս կազմակերպության հետ, իսկ 2008թ.-ից արդեն մեզ մոտ գործում է Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոնը, ինչը հնարավորութհուն է տալիս ծանոթանալ ֆրանսերեն լեզվի դասավանդման նորագույն մեթոդներին, գիտության նոր ուղղություններին և այլն: Բացման արարողությունը եզրափակվեց ռումինական ֆիլմի ցուցադրումով` «Մնացյալը լռություն է», որը ներկայացվեց ֆրանսերեն և ռումիներեն լեզուներով:

«Պոետների գարուն» միջոցառումը

2009թ. մարտի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Նիստերի դահլիճում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային բաժնի նախաձեռնությամբ ԵՊԼՀ-ում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում ներկայացվեց «Պոետների գարուն» միջոցառումը` 3 դերասանների /Ք. Էկոբիշոն, Ռեժի Գիգան, Ալեն Էլու/ և երգչուհի Սելին Լը Կոռի մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԵՊԼՀ-ի և ԵՊՀ-ի մի շարք ուսանողներ, ինչպես նաև մեր համալսարանի ֆրանսերենի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը:
Ինչպես նշեց ԵՊԼՀ-ի ֆրանսերենի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Դ. Ղազարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը շարունակական է լինելու, և այսուհետ ևս մեր համալսարանը աչքի է ընկնելու նմանատիպ նախաձեռնություններով:

Նոր մասնագիտացված գիտակրթական կառույց Հայաստանում

2008թ. հոկտեմբերի 30-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի (Campus Numérique Francophone /CNF/) պաշտոնական բացումը: Կենտրոնը սարքավորվել է Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) տեխնիկական աջակցությամբ: Այն առաջին նմանատիպ կառույցն է Հայաստանում և միակն է Հարավային Կովկասում:
Ինչպես նշեց AUF-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Լիլիան Ռամարոզոան, պատահական չէ, որ նման կառույցը ստեղծվել է հենց ԵՊԼՀ-ում: «Համագործակցելով այդ համալսարանի հետ և հետևելով նրա գործունեությանը,- նշեց տիկին Ռամարոզոան,- մենք համոզվել ենք, որ այն պատրաստում է ֆրանսերենի բարձրորակ մասնագետներ, և այստեղ ապահովվում է ֆրանսերենի ուսուցման ու դասավանդման բարձր` եվրոպական չափանիշներին համապատասխանող մակարդակ:»
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեցին նաև AUF-ի Ֆրանկոֆոն կենտրոնների համակարգի տնօրեն Ժորժ Մալամուն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և լեզվի կցորդ տկն. Կարին Բեքը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տկն. Անն-Մարի Շլոսերը ՀՀ արտգործնախարարի խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Նորաստեղծ կենտրոնը, որի համակարգող է նշանակվել ԵՊԼՀ դասախոս Ռուզաննա Ղալթաղչյանը, կոչված է օժանդակել Հայաստանի բուհերի բոլոր այն ուսանողներին և դասախոսներին, որոնք ցանկանում են օգտվել   AUF-ի համակարգում մշտապես համալրվող գրականության և օգտակար տվյալների հարուստ շտեմարանից: Այստեղ անց են կացվում մասնագիտացված դասընթացներ, ապագայում կկազմակերպվեն հեռավար ուսուցման դասընթացներ, տեսակոնֆերանսներ ու խորհրդակցություններ:
ԵՊԼՀ-ում բացված կենտրոնը դարձավ AUF-ի համակարգում 42-րդը: Համալսարանն անդամակցում է AUF-ին 2006 թվականի դեկտեմբերից: Այդ միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյանկը գտնվում է Մոնրեալի համալսարանի ֆրանկոֆոն կենտրոնում (Քվեբեկ, Կանադա): AUF-ի առաքելությունն է` իր նպաստը բերել ֆրանսերենի վրա հիմնված գիտական բնագավառների կառուցմանն ու ամրապնդմանը:
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ