Իր սկզբնավորման օրից ամբիոնը իր գործուն մասնակցությունն է ունեցել գիտական և մշակութային կյանքին հանրապետական և միջազգային մակարդակով: Բրյուսովյան, Ջիվիլեգովյան, Գոգոլյան, Գրիբոեդովյան ընթերցումները, ինչպես և երիտասարդ գրականագետների ամենամյա գիտաժողովն այսօր գիտական ավանդույթ են դարձել՝ համագործակցության հարուստ դաշտ բացելով մի շարք համալսարանական, գիտական և մշակութային հաստատությունների հետ: Ավանդական այս գիտաժողովներից զատ՝ ամբիոնն ամեն տարի կազմակերպում է գիտական սեմինարներ և գիտաժողովներ՝ նվիրված արդի գրականագիտության այս կամ այն հիմնախնդրին:
2011-2012 թթ. գործում է ամենամսյա գիտական սեմինարը՝ «Հակահերոսը գրական ուղղությունների հերթափոխում»: Այն անդրադառնում է հերոսի (պերսոնաժ/կերպար/ սյուժե) կենսարար ճգնաժամին համաշխարհային գրականության՝ իրար հաջորդող ուղղություններում: Եթե ժամանակակից գրականության մեջ հակահերոսը հստակ սահմանելի է իր տիրությով և ցայտուն, տիպական դրսևորումներով, ապա հերոսի ճգնաժամը շատ ավելի հեռուն է մեզ տանում՝ հասնելով մինչև կլասիցիստական թատրոն՝ ի դեմս ռասինյան խավարաշող հերոսների և մոլիերյան կրկնակների, և մինչև իսկ Միջնադար:
2012 թ.-ին նախատեսվում է «Կինոլեզվի ազդեցությունը ժամանակակից գրականության վրա» միջազգային գիտաժողովը: Այն կոչված է արծարծել կինոլեզվի՝ որպես նշանային համակարգի ներգործությունը՝ իր ուրույն այբուբենով, մեխանիզմներով և գործընթացներով ժամանակակից գրվածքի վրա:
Ամբիոնն ունի նաև իր ավանդական գրական ընթերցումները, կլոր սեղանները և հանդիպումները գրական դաշտի ականավոր գործիչների հետ:
Ուշագրավ է «Գրքեր և օրեր» գրական հանդիպումների շարքը, որ ամբիոնի և ԵՊԼՀ գրադարանի սերտ համագործակցության ծնունդն է:
2011 թ. մարտից ամբիոնում գործում է «Աշխարհամաս» գրական ընթերցումների կենտրոնը, որի շրջանակներում իրագործվում են մի շարք գրական միջոցառումներ:
Մանրամասն ամբիոնի գիտական գործունեության, միջոցառումների և գրական հանդիպումների մասին (հայերեն և ֆրանսերեն լեզուներով) տես՝
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ / ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ /ԳՐԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Sur le fonctionnement et les projets du département d'Etudes Littéraires en français voir "Other"
Ամբիոնի գործունեության և ծրագրերի մասին ֆրանսերեն լեզվով տես՝ «Այլ»














