2012թ.-ի մայիսի 22-ին և 23-ին տեղի է ունենալու «Հանրային կառավարում» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։
2012թ.-ի մայիսի 3-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպել է «PR և իր գործառույթները» խորագրով արտագնա դասախոսություն, որը տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկում։
2012թ.-ի մարտի 19-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի ավագ դասախոս Գ.Բալայանը «Կրթության օրենսդրություն» առարկայի շրջանակներում կազմակերպել է «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի, ինչպես նաև «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողների համար այց Ազգային Ժողով:
2012թ.-ի մարտի 5-ից Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Էլելեկտրոնային ուսուցման, հրատարակման, թեստավորման և ռեսուրսների ԳՈւ կենտրոնի հետ համատեղ կազմակերպելու է «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ» խորագրով սեմինար, որի ամբողջական մասնակցությունից հետո տրամադրվելու է մասնակցության տեղեկանք:
2012թ.-ի հունվարի 23-ին և 24-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի, ինչպես նաև Որակի ապահովման կենտրոնի հետ համատեղ ԵՊԼՀ դասախոսների համար կազմակերպել է «Դասընթացի պատրաստման և իրականացման տեխնոլոգիաներ» տեսագործնական դասընթաց, որի ամբողջական մասնակցությունից հետո տրամադրվել է մասնակցության տեղեկանք:
2011թ. դեկտեմբերի 23-ին ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոսներ Տիգրան Մաթոսյանը և Նվարդ Մանասյանը ԵՊԼՀ ուսանողների համար կազմակերպել են սեմինար՝ «Մասկուլին մշակույթը և հանրային քաղաքականությունը Հայաստանում» խորագրով: Այն նպատակ ուներ քննարկելու հասարակագիտության առջև ծառացած կարևոր բանավեճերից մեկը. արդյո՞ք հանրային քաղաքականությունը կարող է ազդել մշակույթի վրա` միաժամանակ մնալով չազդված մշակույթից: ԵՊԼՀ ուսանողների և դասախոսների համատեղ ջանքերով իրականացված հետազոտությունների առանցքում եղել է վերոնշյալ հարցը, որի պատասխանները մտահոգիչ օրինաչափություններ են վերհանել և պահանջում են ոլորտային քաղաքականության պատասխանատուների, հասարակական գործիչների ու քաղաքական ուժերի պատշաճ ուշադրությունն ու դրանից բխող հետևողական քայլերը: Նախագծերի ներկայացմամբ փորձ է արվել հասկանալ, թե ինչպես են «մասկուլին հասարակությունում» ձևավորվում խտրական նորմավորումները և ինչպես է հնարավոր դրանց գիտակցված փոփոխությունը պետական քաղաքականության և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:
Սեմինարը տեղի է ունեցել ժամը 12:00-ին, գրադարանի կոնֆերանս դահլիճում:
2011թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին ԱՄՆ պետդեպարտամենտի Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի դասախոսների և խորհրդատուների փոխանակման ծրագրի (Մասկի Մաքս) շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը հյուրընկալել է Կանզասի համալսարանի պրոֆեսոր Ջոն Նալբանդյանին:
Դասախոսությունների թեմաներն էին «Համագործակցային առաջնորդությունը կառավարման համակարգում» /“Collaborative Leadership in Governance”/ և «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» /“Strategic Human Resources Management”/ խորագրերով:Հանդիպումները տեղի են ունեցել դեկտեմբերի 5-ին ժամը 14։00-17։00-ն ԵՊԼՀ մեծ դահլիճում և դեկտեմբերի 6-ին ժամը 10։00-13-00-ն ԵՊԼՀ փոքր դահլիճում։
2011թ. նոյեմբերի 14-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը և «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողները կազմակերպել են Ս. Քովիի «Բարձր արդյունավետություն ունեցող մարդկանց 7 հմտություններ» գրքի 2-րդ և 3-րդ սովորույթների ներկայացումը: Ներկայացումից հետո եղել են արդյունավետ քննարկումներ:
2011թ. հոկտեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը կազմակերպել է սեմինար «Համալսարանի կառավարումը ճգնաժամային պայմաններում» խորագրով: Սեմինարը վարել է ԱրՊՀ-ի առաջին ռեկտոր, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական ոլորտի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ա.Ս.Ավանեսյանը: Նա հեղինակ է ավելի քան 70 գիտական ու գիտամեթոդական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և այլ գրքերի: Սեմինարը տեղի է ունեցել ԵՊԼՀ գրադարանի կոնֆերանս դահլիճում:
2011թ. հոկտեմբերի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման եւ պլանավորման ամբիոնը և «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողները կազմակերպել են Ս. Քովիի «Բարձր արդյունավետություն ունեցող մարդկանց 7 հմտություններ» գրքի 1-ին սովորույթի ներկայացում, որին նույնպես մասնակցել են ԵՊԼՀ-ի 60 ուսանող: Ներկայացումից հետո եղել են արդյունավետ քննարկումներ:
2011թ. հոկտեմբերի 15-ին և 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Վերջնաարդյունքների վրա հիմնված դասընթացի մշակում և կառավարում երկօրյա համաժողով: Համաժողովը վարել են Ռոբերտ Խաչատրյանը, Սասուն Մելիքյանը, Սամվել Կարաբեկյանը, Նվարդ Մանասյանը, Արեւիկ Օհանյանը, Արմինե Աղաբեկյանը և Սոնա Բալասանյանը:
Համաժողովը տեղի է ունեցել ք.Ծաղկաձորում ԵՊԼՀ-ի հանգստյան տանը:
2011թ. սեպտեմբերի 24-ին և 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդի (IREX-ի) հետ համատեղ կազմակերպեց «Ծրագրի կառավարում» երկօրյա դասընթաց ԵՊԼՀ-ի դասախոսների համար, որը վարում էր Քնարիկ Արաբյանը: Դասընթացը կարևոր նշանակություն ուներ Հայաստանում IREX-ի գրասենյակի հետ համագործակցության ամրապնդման և ԵՊԼՀ-ից տասնհինգ մասնակիցների համար արդյունավետ դասընթաց կազմակերպելու համար: Դասընթացի կարևորության և նշանակալիության մասին էր հավաստում ԵՊԼՀ-ից այնպիսի ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպիսիք են ԵՊԼՀ երկու պրոռեկտորները, մագիստրոսական և հետբուհական ծրագրերի ղեկավարը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկու ամբիոնների վարիչները, Որակի ապահովման կենտրոնի ղեկավարը, Էլեկտրոնային ուսուցման, թեստերի հրատարակման և ռեսուրսների կենտրոնի ղեկավարը, անգլագիտության և հայագիտության մի շարք փորձագետներ և այլք: Դասընթացի ընթացքում մասնակիցները բացահայտեցին ծրագրի կառավարման նորանոր գաղափարներ, հասկացություններ ու հմտություններ, իսկ դասընթացի ավարտին արդեն տիրապետում էին ծրագրի կազմման, կառավարման գործընթացի մեխանիզմներին ու նրբություններին: Մասնակիցները նաև քննարկեցին դասընթացի ընթացքում կուտակած և սահմանած գաղափարներն ու հասկացություններ, դրանց հետագա ինստիտուցիոնալիզացումը, որը կարող է նպաստել ԵՊԼՀ 2011-2015 ռազմավարական ծրագրի ամրապնդմանն ու կատարելագործմանը
2011թ. սեպտեմբերի 14-ից մինչև 15-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը մասնակցել և ներկայացրել է ամբիոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի 4-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում «Բարձրագույն կրթությունը հանուն կայուն զարգացման» խորագրով:
2011թ. սեպտեմբերի 11-ից մինչև 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը մասնակցել է Գերմանիայի Լունեբերգ քաղաքում ամառային դպրոցին «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցման եւ հետազոտությունների կայուն զարգացման իրականացումը» խորագրով: Ամառային դպրոցը կազմակերպվել է Լունեբերգի Լոֆանա համալսարանի կողմից և ֆինանսավորվել Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության դաշնային հիմնադրամի կողմից:
2011թ. հունիսի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման եւ պլանավորման ամբիոնը Լրացուցիչ եւ շարունակական կրթության կենտրոնի հետ համատեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար կազմակերպել է «Տեղեկատվական սեմինար»: Սեմինարին մասնակցել են 20 դասախոս ԵրՊԼՀ ամբիոններից: Սեմինարը վարել են Ռ.Խաչատրյանը, Ս.Կարաբեկյանը եւ Ն.Մանասյանը: Արդյունքում մասնակիցներին տրվեցին մասնակցության տեղեկանքներ:
2011թ. հունիսի 13-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը ԵՊԼՀ գրադարանի աջակցությամբ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպել էր «Ծանոթացում Zotero գործիքին» խորագրով սեմինար:
2011թ. մայիսի 31-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը ԵՊԼՀ գրադարանի աջակցությամբ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպել էր ԵՊԼՀ և այլ էլեկտրոնային գրադարանների վերաբերյալ սեմինար, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեց համաշխարհային էլեկտրոնային գրադարաններից օգտվելու հմտություններն ու ձևերը, էլեկտրոնային մատենագիտական տվյալներ հավաքագրող ծրագրերը և այլն: Սեմինարը օգտակար տեղեկություն տվեց ուսանողներին իրենց հետագա մասնագիտական գործունեության համար:
2011թ. մայիսի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը մասնակցել է ԵՊԼՀ-ում Կարիերայի և տեղեկատվության ցուցահանդեսին: Ցուցահանդեսին հրավիրված էին շուրջ 60 գործատուներ, տուրիստական կազմակերպություններ, որոնք ներկայացրեցին իրենց աշխատանքի տեղավորման, կրթական ու կամավորական ծրագրերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնն իր հերթին ներկայացրեց իր գործունեությունը, կրթական ծրագրերը, ամբիոնի նպատակներն ու հեռանկարները: Ցուցահանդեսին ներկա էին նաև դպրոցականներ, դիմորդներ և ուսանողներ, որոնք, տեղեկանալով ամբիոնի գործունեության մասին, ցանկություն հայտնեցին իրենց կրթությունը ստանալ ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի կողմից առաջարկվող մագիստրոսական ծրագրերով:
2011թ. ապրիլի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար «Կոնֆլիկտների կառավարում եւ վերլուծություն» առարկայի շրջանակներում հրավիրել էր դասախոս ԱՄՆ դեսպանատան քաղաքականության բաժնից:
2011թ. ապրիլի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը կազմակերպել էր «History of Armenia»; A Brief Review գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է պ.գ.թ., դոցենտ Ա. Խաչիկյանը, ով ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, նպատակներն ու բովանդակությունը, ինչպես նաև գրքի հակիրճ բովանդակությունը, որոշ քարտեզներ և նկարներ: Ա. Խաչիկյանը հույս հայտնեց, որ գիրքը հետաքրքրություն կառաջացնի ինչպես հայ ազգի ներկայացուցիչների թվում` սփյուռքահայության, այնպես էլ օտար ազգի ներկայացուցիչների համար, հատկապես որ գիրքը գրված է բավականին մատչելի և հասկանալի լեզվով: Շնորհանդեսին ներկա էին ԵՊԼՀ դասախոսներ, ուսանողներ, այլ հրավիրված ներկայացուցիչներ:
2011թ. ապրիլի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպել է «Ռիսկերի կառավարում» թեմայով դասընթաց: Դասընթացը վարել է ԱՄՆ-ի Ուիդեներ /USA, Widener/ համալսարանի դոցենտ, դասախոս Փոլ Մարշալը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց ռիսկերի կառավարման գործընթացը, դերն ու կարևորությունը հանրային կառավարման ոլորտում:
2011թ. ապրիլի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը կազմակերպել էր ներբուհական հանդիպում եւ քննարկում «Հայաստանում մրցունակության ազգային զեկույց 2010. բարձրագույն կրթության մարտահրավերը» թեմայով: Զեկույցը վարում էր «Տնտեսագիտություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մ. Հերգնյանը, ով հակիրճ ներկայացրեց ինչպես ՀՀ համալսարանների, այնպես էլ այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների տեղն ու նշանակությունը համաշխարհային տնտեսական շուկայում: ԵՊԼՀ ներկայացուցիչներն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին զեկուցման շուրջ քննարկման ժամանակ` թեմայի առնչությամբ արծարծելով մի շարք հիմնախնդիրներ և հանդես գալով հետաքրքիր առաջարկություններով: ԵՊԼՀ ռեկտոր պրն. Ս. Զոլյանը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման եւ պլանավորման ամբիոնին ու հետազոտական կենտրոնի ղեկավարին հետաքրքիր սեմինար կազմակերպելու համար և նշեց, որ դա կենտրոնի և ԵՊԼՀ-ի բեղմնավոր համագործակցության սկիզբն է:
2011թ. ապրիլի 14-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Ն.Մանասյանի նախաձեռնությամբ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպվել էր հանդիպում Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: Հանդիպման ժամանակ ՀԲ երևանյան գրասենյակի արտաքին հարաբերությունների պատասխանատու, ԵՊԼՀ շրջանավարտ Վիգեն Սարգսյանը և հանրային տեղեկատվության բաժնի օգնական Արմինե Գրիգորյանը խոսեցին Համաշխարհային բանկի պատմության, գործունեության, կրթական և ոչ կրթական ծրագրերի մասին, որոնց միջոցով ցուցաբերվող աջակցությունն անգնահատելի է հատկապես զարգացող երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար:
2011թ. ապրիլի 11-ին և 13-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը կազմակերպել էր «ԱՄՆ արտաքին քաղաքականություն» թեմայով ներբուհական հանդիպում պրոֆեսոր Ջերել Ռոզատիի հետ: Միջոցառմանը ներկա էին ԵրՊԼՀ ուսանողները:
2011թ. ապրիլի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը մասնակցել է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում թափանցիկության ու արդարության ավելացում» թեմայով Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) համաժողովին՝ կոռուպցիոն խնդիրների մասին գիտելիքներն ընդլայնելու նպատակով:














